• Latest news

«Հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է». այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է  

10 հոկտեմբերի, 2024  18:05

Հոկտեմբերի 10–ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։ Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է  շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը:

Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար:

Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի հոգեկան առողջության և կյանքի ընդհանուր որակի վրա` նվազեցնելով աշխատունակությունը, արտադրողականությունը և աշխատանքից բավարարվածությունը:

Սթրեսի մակարդակը կառավարելու և հոգեկան բարեկեցության վիճակ ապահովելու նպատակով.

Խորհուրդներ գործատուներին`

  1. ստեղծե՛ք բարենպաստ պայմաններ ձեր աշխատակիցների համար,
  2. պահպանե՛ք աշխատանքային ժամերի օպտիմալ տևողությունը,
  3. ստեղծե՛ք պայմաններ աշխատողների հանգստի և լիցքաթափման համար։

Խորհուրդներ աշխատողներին`

  1. պահպանե՛ք ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ աշխատանքային ժամերին. ֆիզիկական վարժությունների ընթացքում գլխուղեղում արտադրվում են էնդորֆիններ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը, բարելավում տրամադրությունը,
  2. պահպանե՛ք քնի հիգիենան և սնվե՛ք առողջ, մի՛ աշխատեք քնի և հանգստի հաշվին,
  3. նվազեցրե՛ք սննդակարգում շաքարի և կոֆեինի քանակը. այս խթանիչների բարձր քանակը կարող է նպաստել սթրեսի հորմոնների արտադրմանը` հանգեցնելով նյարդայնության կամ տրամադրության փոփոխության,
  4. ակտիվացրե՛ք շփումները` ընկերների հետ զրույցը, ընտանիքի հետ բավարար ժամանակ անցկացնելը կարևոր են սթրեսի դեմ պայքարում,
  5. ճիշտ կառավարե՛ք ժամանակը. խորհուրդ է տրվում նախապես կազմել օրվա ծրագիրը, սահմանել առաջնահերթություններ, դժվար խնդիրը բաժանել փոքր մասերի, արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ազատ րոպեն, աշխատել ավելի արդյունավետ, ոչ թե ավելի շատ:

Ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունը հաստատել է  «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագիր», որի միջոցառումները շարունակաբար իրականացվում են:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար: Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll